Լրատվամիջոցները մեր մասինՀարցազրույց

«Կարևոր է` նաև տղամարդիկ հասկանան, որ սա միայն կանանց խնդիրը չէ»

Եվրոպայում ամենախոշոր կանանց ռեսուրս կենտրոնների «ՎԻՆՆԵՏ Եվրոպա» ցանցը (WINNET Europe) ներկայացնող պատվիրակությունը մայիսի սկզբին Շվեդիայից Հայաստան էր ժամանել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հրավերով: Այցի նպատակը խիստ գործնական էր՝ տեղում ծանոթանալ 2014-ից իրենց գործընկեր «ՎԻՆՆԵՏ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությանը և համագործակցության նոր քարտեզ մշակել: Մեր զրույցը «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» ղեկավար Բրիտ-Մարի Թորնթենսոնի հետ սկսվեց հայաստանյան այցի մասին իր տպավորություններից:

 

—”ՎԻՆՆԵՏ-Հայաստան” ցանցի մեջ մտնող կանանց ռեսուրս կենտրոնները, իմ տպավորությամբ, բավականին մեծ աշխատանք ենք կատարել, հատկապես Սյունիքի մարզում: Նրանք կարողացել են համախմբել կանանց և հիմք ստեղծել իրենց միավորող ցանցի զարգացման համար: Այն այսօր դուրս է եկել մեկ մարզի սահմաններից և, ինչպես մեզ ներկայացրեցին մեր այցի ընթացքում, միավորում է արդեն Հայաստանի մի շարք այլ մարզային քաղաքներում գործող կանանց ռեսուրս կենտրոններ: Ինձ համար շատ հետաքրքիր էր լսել Գորիսում կայացած համաժողովում հնչած ելույթները և հասկանալ, որ մեր գործընկերները խորությամբ ըմբռնել են մեր ցանցի գաղափարախոսությունը և յուրացրել համատեղ գործելու մեխանիզմները: Մենք Շվեդիայում տարիներ առաջ նույն ճանապարհով ենք անցել, որով այսօր «ՎԻՆՆԵՏ-Հայաստանն» է գնում: Նշեմ, որ «ՎԻՆՆԵՏ Եվրոպան» այսօր միավորում է Եվրամիության անդամ 28 երկրներից 21-ում գործող կանանց ռեսուրս կենտրոնները: «ՎԻՆՆԵՏ-Հայաստանը» առայժմ միակն է, որ ԵՄ անդամ երկրից չէ: Մեզ համար շատ կարևոր է ընդլայնել ցանցը ԵՄ-ի շրջանակներից դուրս գտնվող երկրների ներգրավմամբ, չէ՞ որ մենք ապրում ենք գլոբալ աշխարհում: Այնպես որ, մեր համագործակցությունը Հայաստանի հետ փոխշահավետ է:

«Կարևոր է` նաև տղամարդիկ հասկանան, որ սա միայն կանանց խնդիրը չէ»
—Ինչպե՞ս սկիզբ առավ ձեր համագործակցությունը:

 

—Մեր գործընկերությունը սկսվեց 2010-ին՝ Սյունիքի Կանանց ռեսուրս կենտրոնների անդամների` Շվեդիա կատարած առաջին կրթական այցից, նաև մեր կողմից մշակված «Կանանց ռեսուրս կենտրոնների համար» ձեռնարկի հայերեն թարգմանությունից, որը նրանք կարողացան հաջողությամբ տեղայնացնել Հայաստանում: 2014-ին Սյունիքի Կանանց ռեսուրս կենտրոնների կողմից հիմնադրված «ՎԻՆՆԵՏ-Հայաստան» ցանցը դարձավ եվրոպական ցանցի անդամ: Այսօր մեր հայաստանյան գործընկերները նաև իրենց նորարար մոտեցումներն ունեն: Կանանց համար դասընթացներ են անցկացնում, հնարավորություններ ստեղծում նրանց համար ոչ միայն աշխատանքի շուկայում ինքնադրսևորվելու, այլև տեղական ընտրություններին մասնակցելու: «ՎԻՆՆԵՏ-Հայաստանը» հատուկ աշխատանք է կատարում կանանց այդ ուղղությամբ քաջալերելու, և, որքան մեզ հայտնի է, ձեռքբերումներ ունի կանանց ներկայացվածությունը տեղական իշխանության մեջ բարձրացնելու առումով:

«Մեր ցանցի ստեղծումն ինքնին սոցիալական ինովացիա էր»

—Ի՞նչ դեր է խաղում նորարարությունը «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» գործունեության մեջ:

 

—Կարծում եմ` կանանց ռեսուրսային կենտրոնների ցանցի ստեղծումն ինքնին սոցիալական ինովացիա էր: Այն հնարավորություն է տալիս միավորելու ջանքերը մեր նպատակներին հասնելու համար, որպեսզի կանայք ու տղամարդիկ ռեսուրսներից հավասար օգտվելու հնարավորություն ունենան, և նրանց ներդումները զարգացման մեջ հավասարապես գնահատվեն:

Ժամանակին 20-րդ դարի սկզբին ունևոր խավի կանայք «Մի կաթիլ կաթ» նախաձեռնությամբ հանդես եկան՝ ուղղված աղքատ ընտանիքների երեխաներին օգնելուն: Հետագայում այն վերածվեց մեծ շարժման, իսկ այժմ այս խնդրով զբաղվում են պետական շատ լուրջ կառույցներ՝ հոգալով երեխայի մասին՝ ծննդատնից մինչև դպրոց և այլն: Այսինքն` ներքևից ծնվում է գաղափար, որը սկսում է զարգանալ և ազդել պետական որոշումների վրա:

Այդպես էլ մենք այսօր փորձում ենք ազդել ոչ միայն հասարակական կարծիքի վրա՝ տարածելով գիտելիքներ և նպաստելով կանանց կյանքի պայմանների բարելավմանը, այլև փոխել քաղաքականությունները տեղային, տարածաշրջանային և դաշնային մակարդակով, հատկապես աշխատանքի շուկայում գենդերային սեգրեգացիայի հաղթահարման ուղղությամբ: Օրինակ` մենք ուսումնասիրություն ենք կատարել, որը պարզել է, որ այն ոլորտները, որտեղ գերակշռում են տղամարդիկ, ստանում են 80% ֆինանսավորում, իսկ այն ոլորտները, որտեղ կանայք են դոմինանտ՝ 20%: Եվ ահա այստեղ է, որ նորարար մոտեցումներ են անհրաժեշտ՝ խնդիրը վերլուծելու, հիմնավորելու և հանրությանը ներկայացնելու համար: Մեր կողմից ստեղծված «Գերազանցության կենտրոնները» միավորում են լավագույն հետազոտողներին, որոնք վերլուծում և ամփոփում են բոլոր ռեսուրս կենտրոնների փորձը և նրանց կողմից ողջ Եվրոպայում արված հետազոտությունների տվյալները, դրանով իսկ գիտական հիմք ստեղծելով այնպիսի ռազմավարությունների մշակման համար, որոնք հաշվի են առնում գենդերային մոտեցումները: Ներկայացնելով դրանք բոլոր շահագրգիռ կառույցներին՝ պետությանը, բիզնեսին, հասարակական կազմակերպություններին, մենք ներազդում ենք տարբեր մակարդակներում զարգացման քաղաքականությունների վրա, նպաստում անհավասարության վերացմանն ուղղված գործողությունների, ծրագրերի իրականացմանը:

—Ավանդական հարցից խուսափել չի ստացվում` որո՞նք են Ձեր գործունեության նախապատվությունները:

 

—Ցանցն աշխատում է կանանց ու տղամարդկանց համար աշխատանքային և զարգացման հավասար պայմանների ստեղծման, բյուջեների և հնարավորությունների հավասար բաշխման ուղղությամբ: Մեր նախապատվությունների շրջանակներում են՝ տարածաշրջանային և տեղական մակարդակներում քաղաքականությունների գենդերային ուղղորդումը, աշխատանքային շուկայում գենդերային սեգրեգացիայի հաղթահարման և կանանց հնարավորությունների ընդլայնման խնդիրները: Ստեղծել ենք կանանց հզորացման կենտրոններ, որոնք նպաստում են կանանց ձեռներեցության զարգացմանը, ինչը տնտեսության կայուն զարգացման կարևորագույն նախապայմաններից է: Նաև կարևորում ենք կանանց առաջխաղացման համար թվային նոր տեխնոլոգիաների, նորարարությունների դերը: Ուսումնասիրություն ենք կատարել հայտնաբերելու կին նորարարների, ովքեր շատ պրակտիկ ինովացիաներ են արել, գործնական կիրառություն ունեցող սարքեր են ստեղծել: Օրինակ` հենաշարժական խնդիր ունեցող մարդկանց համար ապարատը, որը կարելի է ծալել և որպես նստարան օգտագործել, կնոջ կողմից է ստեղծվել, սակայն այդ մասին քչերը գիտեին: Մենք փորձում ենք նաև տեսանելի դարձնել նորարար կանանց մեր ցանցի միջոցով:

Մեր հատուկ ուշադրության կենտրոնում է հատկապես գյուղական համայնքների զարգացումը և տարածաշրջանների հետ սերտ համագործակցությունը: Ըստ էության, ցանցի հիմնական նպատակը համագործակցության եզրեր գտնելն է, լինի դա տեղական, տարածաշրջանային և դաշնային մակարդակով կամ քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների միջև՝ մեդիա, քաղաքական և հասարակական կազմակերպություններ, բիզնես: Նաև քաղաքականության վրա ազդեցություն ունեցող ուսումնասիրությունների իրականացում, ինչը ենթադրում է ուսումնասիրողների հետ համագործակցություն: Առանց թվերի և փաստերի դժվար է առաջ տանել խնդիրը խորհրդարանում կամ համոզել կառավարությանը: Երբ քաղաաքական գործիչները լսում են խնդիրները՝ առանց հիմքի, ապա մոտեցումն էլ այլ է լինում: Օրինակ` աշխատաշուկայում կանանց եկամուտների սեգրեգացիայի լուրջ խնդիր կա, գիտական հետազոտությունների կենտրոն ունենք, որը ուսումնասիրություններ է կատարում այդ ուղղությամբ:

Կամ, ասենք, եթե ուղղակի խոսվում է, որ գենդերային հավասարությունը իր հետ բերում է տնտեսական աճ, և դրանից շահում է ողջ տնտեսությունը, քաղաքական գործիչներից շատերը կարող են թերահավատորեն մոտենալ այս խնդրին: Մինչդեռ կոնկրետ թվերով կարելի է հեշտորեն ապացուցել այդ փաստը: Ասենք` Իտալիայի աշխատաշուկայում կանանց 48%-ն է ներկայացված, ու եթե այդ թիվը հասնի 50 տոկոսի, ապա հաշվարկները ցույց են տալիս, որ երկրի ՀՆԱ-ն կաճի 3%-ով: Շվեդիայում կանանց զբաղվածությունը 78% է, և նպատակ է դրվել այդ թիվը հասցնել է 80%-ի, իսկ ԵՄ-ն խնդիր ունի աշխատող կանանց թիվը 75%-ի հասնել:

«Առանց կանանց կազմակերպությունների գենդերային հավասարությունը կմնա թղթի վրա»

«Կարևոր է` նաև տղամարդիկ հասկանան, որ սա միայն կանանց խնդիրը չէ»
— Կառավարության հետ համագործակցության մասին ի՞նչ կասեք: Համարվում է, որ Շվեդիան այս հարցերում օրինակելի երկրների շարքում է…

 

—Արդեն նշեցի, որ անհրաժեշտ է բազմակողմանի համագործակցություն՝ պետություն, բիզնես կառույցներ, միջազգային և տեղական կազմակերպություններ: Գենդերային ուղղորդում է պետք, ջանքեր է պետք ներդնել, վիճակագրական տվյալներ վերլուծել, որպեսզի ինչ-որ մեկը վերևում չորոշի ինչ-որ բան, որը կխորացնի անհավասարությունը:

Նույնիսկ ուժեղ քաղաքական կամքի առկայության դեպքում, երբ գալիս է պահը իրագործելու այն ամենը, ինչ գրված է, պետական կառույցներն այլ ուժերի ներգրավման անհրաժեշտություն են զգում: Իրականում առանց կանանց կազմակերպությունների ջանքերի գենդերային հավասարությանն ուղղված նախագծերը կարող են մնալ թղթի վրա: Մենք այսօր կատարում ենք ուսումնասիրություններ, հարցումներ, որոնց արդյունքները շատ դեպքերում անհրաժեշտ է նույն կառավարությանը: Ունենք հզոր կանանց լոբբի, որի աջակցությամբ կանանց հարցերն ենք բարձրացնում:

Կառավարությունն էլ իր կողմից նույնպես պետք է աջակցի կանանց կազմակերպություններին: Շատ կարևոր է, որ ռեսուրս կենտրոնները իրենց աշխատանքով հասնեն այն բանին, որ պետական քաղաքականության մաս կազմեն, այսպիսով նաև նրանց ֆինանսավորման խնդիրն է լուծվում: 2012-ից մեր կազմակերպությունը տարածաշրջանային զարգացման քաղաքականության մասն է կազմում և իր ազդեցությունն ունի գենդերային քաղաքանության վրա: Երկարատև ֆինանսավորման հնարավորություն ստացանք՝ տարեկան 3,3 մլն եվրո, համաֆինանսավորվում ենք նաև ԵՄ ծրագրերի կողմից:

— Իսկ եթե այդ գումարները չլինեի՞ն:

 

— Կաշխատեինք, ինչպես նախկինում: Մինչ այս ֆինանսավորումը մենք աշխատում էինք՝ ստանալով համաֆինանսավորում քաղաքապետարաններից, ծրագրային գումարներ էինք ստանում, ինչպես նաև կամավորական աշխատանք կատարում: «ՎԻՆՆԵՏ»-ը ոչ պետական, շահույթ չհետապնդող, ոչ քաղաքական ուղղություն ունեցող կազմակերպություն է: Մեր փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ փոքրիկ, նվազագույն ֆինանսավորմամբ հնարավոր է ստեղծել ռեսուրս կենտրոններ և ունենալ հաջողված օրինակներ:

Սակայն սա միայն տարբերակներ են, մինչդեռ մեր գերխնդիրն էր, որ գենդերային հավասարությունը պետական քաղաքականության մաս կազմեր: Մեր ջանքերի շնորհիվ այսօր մեր ծրագիրն ունի ֆինանսավորում և՛ պետության, և՛ խորհրդարանի կողմից: Շվեդիայի ՎԻՆՆԵՏ-ի կազմում 59 անդամ կազմակերպություններ են ընդգրկված: Ստեղծվել են և՛ տարածաշրջանային, և՛ տեղական կանանց ռեսուրս կենտրոններ: Մոտ 8 հազար մարդ է ներգրավված աշխատանքներում: Գումարները կանանց ռեսուրս կենտրոններին հնարավորություն են ընձեռում իրականացնելու իրենց առաքելությունը՝ կանանց տնտեսական ներգրավվածությունն ընդլայնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, աշխատաշուկայում կանանց ազդեցությունը մեծացնելու և ընդհանրապես կանանց և տղամարդկանց համար տնտեսական հավասար հնարավորություններ ապահովելու ուղղությամբ: Օրինակ` վերջին 15 տարիների ընթացքում կանանց ձեռնարկատիրությունը 27 տոկոսից աճել է 33 տոկոսի: Իհարկե, սա միայն մեր աշխատանքի արդյունքը չէ, սակայն մենք էլ մեծ ներդրում ենք ունեցել այս փոփոխության ապահովման գործում: Տարիներով զբաղվել ենք այդ խնդրով, տարբեր ծրագրեր իրականացրել կանանց ձեռներեցությունը զարգացնելու համար, ընդ որում, բոլոր ցանկացողների համար և շատ ճկուն՝ կանայք կարող էին մասնակցել ամբողջ օրով, կես օրով կամ երբ ցանկանային՝ երեկոյան, հանգստյան օրերին:

— Որքանո՞վ է Ձեր փորձն ուսանելի այլ երկրների համար:

 

— Անշուշտ, փորձը երկրից երկիր տարբերվում է, բայց կարևոր է, որ ակտիվ կանայք քաղաքացիական հասարակության ակտիվ մաս կազմեն, որ իրենց խոսքն ունենան որոշումների ընդունման մակարդակում ու մասնակից լինեն ռազմավարությունների մշակման գործընթացներին: Որպես քաղաքացիական հասարակություն` մենք պետք է հասկանանք` որո՞նք են գենդերային հավասարության հեռանկարները և ինչպե՞ս հասնել դրան:

Մենք այս երկար տարիների ընթացքում աշխատում էինք, որ նաև տղամարդիկ հասկանան, որ սա միայն կանանց խնդիրը չէ, որ սա պետության զարգացման համար է կարևոր, և քայլեր ձեռնարկեն գենդերային հավասարությանը հասնելու ուղղությամբ: Ի դեպ, մենք լոբբինգի ժամանակ ներգրավում ենք և՛ կանանց, և՛ տղամարդկանց: Եթե խորհրդարանում կանայք շատ են, ապա գենդերային հավասարությանը վերաբերող խնդիրների քննարկման ավելի շատ հնարավորություն է տրվում թե՛ խորհրդարանում և թե՛ կուսակցությունների ներսում, ինչն էլ օգնում է, որ տղամարդիկ նույնպես քաջատեղյակ լինեն խնդրին: Եվ շատ դեպքերում այս հարցերում կարևոր է ոչ այնքան խորհրդարանում բարձր դիրք զբաղեցնող կանանց աջակցությունը, որքան, օրինակ, այն տղամարդկանց, ովքեր հասկանում են, որ հավասար ներդրումը կարող է բերել բարգավաճման ու զարգացման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://womennet.am

Վիննեթ Հայաստանը ներկայացնում է Սյունիքի կանանց ձեռքի աշխատանքները
«Հնարավորություններ կանանց համար»՝ այս կարգախոսն է կյանքի կոչում «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ը
Վիննեթ Հայաստանը ներկայացնում է Սյունիքի կանանց ձեռքի աշխատանքները
Վիննեթ Հայաստանը ներկայացնում է Սյունիքի կանանց ձեռքի աշխատանքները
Ընտրացանկ