Ի՞նչ է կանանց ռեսուրս կենտրոնը
Կանանց ռեսուրս կենտրոնը մի վայր է, որտեղ կանայք կարող են հավաքվել՝ կիրառելու իրենց գիտելիքներն ու կարողությունները և ներկայացնել կանանց հետաքրքրությունները տարածաշրջանային և տեղական զարգացման աշխատանքներում: Կանանց ռեսուրս կենտրոնների հիմնարար սկզբունքը տեղական կարիքների և պայմանների հիման վրա զարգանալն է՝ առաջնահերթ խնդիր ունենալով ավելացնել այն կանանց թիվը, ովքեր մասնակցում են քաղաքական և տնտեսական զարգացմանը ու աճին ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տեղական մակարդակներում: ԿՌԿ-ների գործունեությունը բխում է հասարակությունից, քանի որ այն բացահայտում է տեղական կարիքները և այն տարածքի հստուկ առանձնահատկությունները, որտեղ այն գործում է, քարտեզագրում է հասանելի և իրագործելի ռեսուրսները և համապատասխանաբար մշակում է իր գործունեությունը: Մենք հավատում ենք, որ միայն տեղական համատեքստի և ԿՌԿ-ների գործունեության ճանաչված ազդեցության մասին հիմնավոր իմացությունը կապահովի գենդերային հավասարության վերաբերյալ հիմնական տեսակետների արտացոլում ազգային, տարածաշրջանային և տեղական քաղաքականություններում:
«ՎԻՆՆԵԹ Վանաձոր» կանանց և երիտասարդների զարգացման ՀԿ
Ինչպե՞ս սկսվեց
«ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի անդամ «ՎԻՆՆԵԹ Վանաձոր» կանանց և երիտասարդների զարգացման ՀԿ-ն իր գործունեությունը սկսել է 2016 թվականին՝ որպես կանանց նախաձեռնող խումբ։ 2016թ․ հոկտեմբերին նախաձեռնող խումբը ներգրավվել է «Կանանց քաղաքական ակտիվության աջակցություն` տեղական մակարդակում» եռամսյա ցանցային ծրագրում, որի նպատակն էր Հայաստանի 10 քաղաքներում ՏԻՄ-երին կից ստեղծել կանանց ակտիվ խմբեր, աջակցել նրանց հասարակական-քաղաքական ակտիվությանը:
2020 թվականի հուլիսին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ՝ «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում, նախաձեռնող խումբը գրանցվել է որպես «ՎԻՆՆԵԹ Վանաձոր» կանանց և երիտասարդների զարգացման հասարակական կազմակերպություն (ՀԿ)։
«Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում «ՎԻՆՆԵԹ Վանաձոր» ՀԿ-ն իր մշտական հասցեն ունի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ կահավորված և հագեցված համապատասխան անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։
Մենք այսօր
«ՎԻՆՆԵԹ Վանաձոր» կանանց և երիտասարդների զարգացման ՀԿ-ն, իր ծրագրերի միջոցով, նպաստում է Լոռու մարզի կանանց և երիտասարդների հզորացմանը, աշխատանք փնտրող և խոցելի խմբերի համար նոր կայուն աշխատատեղերի ստեղծմանը, այդպիսով՝ զարգացնելով և աջակցելով առաջնորդությանը, նորարարությանը, ձեռներեցությանը, ինչպես նաև խթանելով սոցիալական ներգրավվածությունը:
Ընթացքի մեջ է Քեյր Կովկասի, «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի և այլ տեղական ու ռեգիոնալ գործընկերների հետ համատեղ Հարավային Կովկասում իրականացվող «Կնոջ ուժը, նրա ապագան» եռամյա տարածաշրջանային ծրագիրը: «ՎԻՆՆԵԹ Վանաձոր»-ը հանդիսանում է ծրագրի գործընկեր կողմ Լոռու մարզում։
Կազմակերպությունն ունի 6 անդամ, 20 կամավոր և 90 հոգուց կազմված երիտասարդական ակտիվ խումբ, որը կամավոր սկզբունքով իրականացնում է տարբեր միջոցառումներ և նախաձեռնություններ։
Ծառայություններ
- Սոցիալ-հոգեբանական աջակցություն դժվարին իրավիճակում հայտնված կանանց և երիտասարդներին։
- Կանանց և երիտասարդների սոցիալական պաշտպանության բարելավում իրազեկման միջոցով։
- Կանանց տնտեսական հզորացման խթանում՝ բիզնես հմտությունների, վերամասնագիտացման և աշխատանքային կարողությունների զարգացման միջոցով։
- Երիտասարդության հզորացում՝ քաղաքացիական կրթության, առաջնորդության և կամավորության կարողությունների խթանման միջոցով։
- Ժողովրդավարության խթանում՝ համայնքային նախաձեռնությունների, դասընթացների, միջոցառումների, ֆիլմերի դիտում-քննարկումների միջոցով։