Ի՞նչ է կանանց ռեսուրս կենտրոնը
Կանանց ռեսուրս կենտրոնը մի վայր է, որտեղ կանայք կարող են հավաքվել՝ կիրառելու իրենց գիտելիքներն ու կարողությունները և ներկայացնել կանանց հետաքրքրությունները տարածաշրջանային և տեղական զարգացման աշխատանքներում: Կանանց ռեսուրս կենտրոնների հիմնարար սկզբունքը տեղական կարիքների և պայմանների հիման վրա զարգանալն է՝ առաջնահերթ խնդիր ունենալով ավելացնել այն կանանց թիվը, ովքեր մասնակցում են քաղաքական և տնտեսական զարգացմանը ու աճին ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տեղական մակարդակներում: ԿՌԿ-ների գործունեությունը բխում է հասարակությունից, քանի որ այն բացահայտում է տեղական կարիքները և այն տարածքի հստուկ առանձնահատկությունները, որտեղ այն գործում է, քարտեզագրում է հասանելի և իրագործելի ռեսուրսները և համապատասխանաբար մշակում է իր գործունեությունը: Մենք հավատում ենք, որ միայն տեղական համատեքստի և ԿՌԿ-ների գործունեության ճանաչված ազդեցության մասին հիմնավոր իմացությունը կապահովի գենդերային հավասարության վերաբերյալ հիմնական տեսակետների արտացոլում ազգային, տարածաշրջանային և տեղական քաղաքականություններում:
«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
Ինչպե՞ս սկսվեց
Հայաստանի հասարակական և տնտեսական կյանքում կանանց սահմանափակ մասնակցության խնդիրը լուծելու համար 2007թ.-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սկսեց ծրագիր, որի նպատակն էր աջակցել տեղական մակարդակում կանանց հզորացմանը: Ընտրվեց հարավային մարզը` Սյունիքը, որը շատ հեռու է մայրաքաղաքից և որտեղ կանայք կազմում էին բնակչության մեծամասնությունը, բայց ՏԻՄ-երում ներգրավված չէին և աշխատանքի տեղավորման հնարավորությունների առումով տղամարդկանց համեմատ կանանց իրավիճակն անբարենպաստ էր:
2008թ.-ին հիմնադրվեց Սյունիքի առաջին ռեսուրս կենտրոնը ամենահարավային քաղաքում` Մեղրիում՝ տեղացի 9 կանանց նախաձեռնությամբ:
« Հասարակական կազմակերպությունների բացակայությունը Մեղրիի տարածաշրջանում պարտավորեցնող էր մեզ համար. սակայն տարիների աշխատանքի արդյունքում այսօր էլ տեղացիներից շատերը «հասարակական կազմակերպություն» արտահայտությունը նույնականացնում են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» -ի հետ»:
Մենք այսօր
Իրականացված 27 ծրագիր, ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ` 31 համայնքային նախաձեռնություններ: Կարպետի և կար ու ձևի դասընթացներին մասնակցած 30 կանանց համար՝ ստացած հմտությունները դարձել են կայուն եկամտի աղբյուր: 100-ից ավելի կանայք պահպանել են իրենց աշխատատեղերը` ստանալով գիտելիքներ, իսկ 15-ը սեփական բիզնեսն են սկսել:
«Ստեղծել և գործարկում ենք Meghrinews լրատվական կայքը, «ՀամՏես» թեյարան-ստուդիա սոցիալական ձեռնարկությունը, շարունակում ենք աշխատել ուսուցանված շահառուների հետ և աջակցում ենք նրանց կողմից ստեղծված արտադրանքի իրացմանը: Պրոֆեսիոնալ նկարահանումներով և նյութերով ներկայացնում ենք մեր ծրագրերը, շահառուներին և համայնքը, համագործակցում ենք տարբեր հեռուստաընկերությունների և լրատվամիջոցների հետ:
Կազմակերպության գրասենյակի և սոցիալական ձեռնարկության տարածքները, ավագանու որոշմամբ, ՏԻՄ-ի կողմից անհատույց տրամադրվել են ՀԿ-ին, որոնք վերանորոգվել են մեր կողմից` օգտագործելով ֆոնդհայթայթման մեր հմտությունները»:
Ծառայություններ
- Կանանց հասարակական-քաղաքական ակտիվության խթանում` առաջնորդության հմտությունների, հանդիպումների և փորձի փոխանակման միջոցով:
- Ժողովրդավարության խթանում` դասընթացների, միջոցառումների, քննարկումների կազմակերպման, համայնքային կյանքին ակտիվ մասնակցության խթանման, համայնքային նախաձեռնությունների իրականացման, ՏԻՄ-երի հետ համագործակցության միջոցով։
- Կանանց և երիտասարդների համար տարբեր թեմաներով այլընտրանքային կրթության հնարավորությունների ստեղծում, կարողությունների զարգացում:
- Աջակցություն դժվարին իրավիճակում հայտնված կանանց և ընտանիքներին:
- Երիտասարդության հզորացում՝ քաղաքացիական կրթության, առաջնորդության և կամավորության կարողությունների խթանման միջոցով։
- «ՀամՏես» թեյարան-ստուդիա սոցիալական ձեռնարկության միջոցով տեղական արտադրողների, մասնավորապես՝ ՀԿ-ի տարբեր ծրագրերով ուսուցանված կանանց արտադրանքի ներկայացում և վաճառքի խթանում, հանդիպումների, քննարկումների, ֆիլմերի ցուցադրությունների կազմակերպում, լուսանկարահանումների և տեսանկարահանումների իրականացում:
- Կանանց տնտեսական հզորացման խթանում` կրթության, վերամասնագիտացման, հմտությունների և կարողությունների զարգացման միջոցով։